RSC
Featured

«Ժառանգություն» կուսակացության շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության ընտրված նախագահին

«Ժառանգություն» կուսակացության շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության ընտրված նախագահին

2020թ աշնանը հայկական զույգ պետությունները ցնցած աղետալի պատերազմի արդյունքում, ինչպես նաև ՀՀ իշխող վարչախմբի հանցավոր գործունեությամբ և անգործությամբ պայմանավորված ամբողջապես խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը, Արցախի Հանրապետության քաղաքացիները թողնվեցին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վտանգավոր թիրախում: Լիակատար շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների անկոտրում կամքն ու պետական ինստիտուտների անխափանության սկզբունքի գիտակցումը հույսի շող են սպասվելիք դժվարությունների հորձանուտում:

«Ժառանգություն» կուսակացությունը  լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության  ամրությունը, պետական ինստիտուտների կայացման և սահմանադրական իրացման բարձր աստիճանը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակում Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը ապացուցեց, որ պետականության գիտակցումը և ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունեն: Վստահություն ենք հայտնում, որ Արցախի ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանն ունակ կլինի իրացնելու ստանձնած իշխանությունը հանուն Արցախի հայկական պետականության հարատևության:

Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի  համար, իսկ սահմանադրական ճանապարհով Արցախի նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին հետագա հաջողություններ ենք մաղթում մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում:

Հավասարակշռված և համերաշխ  քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն
11 սեպտեմբեր 2023թ.
Երևան