Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր։ Սարդարապատը պատմական բեկման գոյութենական ուղենիշն է, անտարակույս, բայց նրա դասն ու ոգին խիստ այժմեական են և բախտորոշ։
Կամ այսօրվա խորհրդով միանում ենք ըստ էության և ամբողջանվեր՝ փրկելու հայոց հայրենիքը, քաղաքակրթությունը և պետականությունը, կամ կորցնում ենք համարյա ամեն ինչ՝ ինքնություն, ինքնիշխանություն, մեր վերջին արժանապատվությունն անգամ։
Մեր ժառանգությունը պատկանում է բոլորիս և, հանուն մեր իրավունքի ու ազգային շահի, պարտական ենք մեր սերունդների սրբազան պայքարն ի կատար ածել։
Առաջնորդ ու շարքային, մշակ ու զինվոր, հարթակ ու հրապարակ պետք է դառնան ՄԵԿ՝ գործելով բովանդակ ներդաշնակությամբ, համեստ, զգոն և անձնազոհաբար։ Միմիայն այսպես մեր երկիրն ու քաղաքացին կունենան վաղվա օր և ոչ երբեք՝ ի շրջանս յուր։
Սարդարապատն այսօր է և իրական՝ իր հաղթանակին սպասող։
Իսկ հիմա, հայրենակիցներ, ամեն մեկս իր բաժին դիրքում։
«Մայիս 28»-ը շնորհավոր։
«Ժառանգություն» կուսակցության խորհուրդ
28 մայիսի 2024
Երևան