«Ժառանգությունը ջանք չխնայեց, որ ունենանք մեծ կոնսոլիդացիոն լուծում, որը պետք է լիներ մեծ դաշինք։ Դրա համար մենք աշխատեցինք տարբեր ուժերի հետ, նաև պարոն Կարապետյանի ներկայացուցիչների հետ, որը լիներ մեծ միացյալ ուժ, որին «Ժառանգությունը» մաս կկազմեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության համախմբման ջանքերին։
Այլ կուսակցությունների հետ միասին «Ժառանգությունը» նույնպես բանակցում էր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ նախընտրական դաշինք ստեղծելու համար։ Բայց այդ համախմբումը տեղի չունեցավ։ Եվ օրեր առաջ «Ժառանգությունը» հայտարարեց, որ պարզապես սատարում է «Ուժեղ Հայաստանին», բայց ընտրություններին չի մասնակցելու։
«Ժառանգության» հիմնադիրի ներկայացմամբ իրենք հաջողության, հաղթանակի իրենց բանաձևն են առաջարկել, որն ուներ արժեքային, ծրագրային և գաղափարական հենք, բայց քննարկումների ավարտին ընդհանուր հայտարարի չեն եկել։ Եվ նրա ներկայացմամբ՝ Հավանաբար տարբեր չափումների կամ ուսումնասիրությունների արդյունքում իրենց միտքը փոխել են և որոշել գնալ «ավելի փոքր, տեխնիկական դաշինքով»։ Եվ նրա խոսքերով Սամվել Կարապետյանի շուրջ հավաքված՝ «համազգային հեռանկար ունեցող շարժումը դարձավ կուսակցականացված»։
«Եվ «Ժառանգությունը» դեմ հանդիման գալով շատ կոշտ իրականությանը, որ կարող է քվեների փոշիացում լինել, որոշեց զորակցել Կարապետյանի շուրջ հավաքված այդ շարժմանը։ Մենք ձգտեցինք մեծ միասնության, որը կբարձրացներ հաղթելու, հաջողություն գրանցելու հավանականությունը, մենք հավելյալ պահանջներ չէինք դնում, դա փոխվեց։ Բայց դրանից «Ժառանգությունը» չնեղացավ»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
