Այսօր ևս պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով, վարքով եւ անհավանական հնարով։
Անգամ սարդարապատյան պետական սրբավայրում իրենք զիրենք եռագույն ժապավենով ինքնահերոս կարգածները խամրում են, հյուլե դառնում նրանց կենարար ժառանգության մինչեւիսկ ստվերի դիմաց։
Ղողանջող զանգերը վկա՝ արժանի լինենք, իրավատեր ու միացյալ։
«Ես կարծում եմ՝ թե ընտրություններով, թե ընտրություններից դուրս կարելի է վիճակ փոխել, եթե մենք նաև փոխվենք հընթացս և մինչ այդ։ Դա պետք է լինի և, իմ կարծիքով, լինելու է։ Սա ես չեմ ասում որպես մարգարեություն կամ կանխատեսում, ուղղակի Հայաստանի ապագան ապահովելու համար, կռվելու, շնչելու, թեկուզ մի նշույլ հնարավորություն ունենալու միակ եղանակն է։
«Բոլոր սերունդներին պատկանող տոն է, նվաճում է, ոչ միայն անցյալի, այլև ապագայի։ Սա միասնական տոն է, և ոչ ոք իրավունք չունի որևէ մասնիկ հանելու Եռատոնից»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մեր ինքնագույն, խորիմաստ ու ամենասեր փարոս-քաղաքը դարերով իր մարմնի վրա եւ հոգու մեջ ապրել է կյանքի մատուցած յուրաքանչյուր եղանակը։ Տանջանք ու բերկրանք, բռնազավթում ու հատուցում, մահ ու կյանք։
Եթե այս աշխարհում կա հավերժություն, այդպես էլ հավատում ենք՝ հենց Շուշին է, առաջին հերթին, որ հավերժ է։
Ինչպես մեր սերնդի օրերին եւ հերոսների արյամբ՝ նա ազատության կարճատեւ շունչն առավ, այդպես էլ շարունակում է խորհրդանշել ամենատարրական, ամենադաժան կենսադասը։
Պատասխանատվությունն ստանձնելու համար է՝ երբեք չչարաշահելու, ուրիշների վրա չբարդելու եւ, կարեւորը, ամեն րոպե, զօրուգիշեր փայփայելու, պահել-պահպանելու համար։
Չկարողացանք։
Հիմա, սակայն, աննահանջ աշխատելու, արարելու, մեր հայրենիքի հավերժությանն արժանանալու հանգրվանն է։
Հարությանը կարելի է միայն այս ճանապարհով հասնել՝ մենք եւ մեր սերունդները։
Ցավի, կսկիծի, նվաստացման ու մատնության դավադիր բառապաշարից այն կողմ՝ այսօր պիտի կոչենք՝ հազար փա՛ռք երկիր պահողներին եւ… հառա՛ջ, «հառա՛ջ, նահատակ ցեղի անմահներ»։
Միաշունչ եւ միակամ՝ կեցցե՛ն Շուշին, Արցախը, Հայաստանը համայն։