
17 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլի ութերորդ օրը, վերջինիս հրավերով Ազատության հրապարակում անցկացվեց քաղաքական, սոցիալական եւ մշակութային տարբեր հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բարձրաձայնմանը միտված քաղաքացիական բաց խորհրդի առաջին հանդիպումը: Միջոցառման նախաձեռնողը լրագրող, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ում որպես բանախոս միացավ դասախոս Արա Հարությունյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը: Հարյուրավոր մարդիկ, անտեսելով անձրեւը, հավաքվել էին՝ լսելու բանախոսներին եւ քննարկելու օրվա թեման, որն առնչվում էր նորընտիր նախագահի կողմից կառավարության կազմավորման խնդրին:





